Արմինֆո.ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի լրագրողին պարզաբանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերի ընդունման հանգամանքները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք գործիքներ կան, որպեսզի երկրներն անշեղորեն կատարեն բանաձևերը, մասնավորապես, ասել է. «Մեր գործընկերոջը՝ «Մոսկվա-Բաքու» գործակալության ներկայացուցչին, ինչպես հասկանում եմ, հետաքրքրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը: Խոսքը վերաբերում է բանաձևերին, որոնք ընդունվել են մարտական գործողությունների շրջանում: Դրանք թույլ են տվել, այդ թվում՝ մեր կողմից ձեռնարկված քայլերի հետ միասին, կանգնեցնել արյունահեղությունը, քաղաքական երկխոսության հունի մեջ դնել իրավիճակը: Առանց բացառության բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբ, որի շրջանակներում համաձայնության ենք եկել՝ լուծել մնացած բոլոր հարցերը, ներառյալ տարածքների ազատագրման և քաղաքական կարգավորման, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման միջոցով: Բոլորս մինչ այժմ զբաղվում ենք դրանով»:
Միաժամանակ Լավրովն ընդգծել, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ և Ֆրանսիայի հետ միասին, Բաքվի և Երևանի լիակատար համաձայնությամբ աշխատում է մեր առջև դրված խնդիրների իրականացման ուղղութամբ: Նրա համոզմամբ, որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է հակամարտող կողմերի փոխհամաձայնությունը:
Նշենք, որ պաշտոնական Բաքուն արդեն երկու տասնյակ տարիներ մեղադրում է հայկական կողմին «ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի չկատարման մեջ»: