Արմինֆո. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը նոր իրողություններ է տեսնում Հայաստան-ԵՄ հարաբերություններում Հայաստանի նոր կառավարության օրոք:
«Նիկոլ Փաշինյանը դեռ մինչև Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելը հայտարարել էր, որ երկրի արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվի, հատկապես դա վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Սակայն երբ ուսումնասիրում ես կառավարության նոր ծրագիրը, փոփոխություններն ակնհայտ են: Հատկապես դա վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին: ԵՄ-ն Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո երրորդ տեղն է զբաղեցնում Հայաստանի կարևոր գործընկերների թվում»,- հունիսի 14-ին ասել է դիվանագետը «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» գիտաժողովի ժամանակ:
Կիսլերն ընդգծել է, որ կառավարության նոր ծրագրում ավելի հստակ է նախանշված փոխգործակցությունը թե Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի, թե վիզային ռեժիմի ազատականացման մասով: Միաժամանակ դիվանագետը փաստել է, որ հայ հասարակությունը լուրջ սպասումներ ունի Եվրամիության հետ հարաբերություններից և շրջանակային համաձայնագրի ընձեռած հնարավորություններից: