Արմինֆո.Մոսկվան դժգոհ է ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, ամերիկյան լաբորատորիաների տեղակայումից:
Աղբյուրի համաձայն, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այդ հարցերը բարձրացրել է Ալամա Աթայում ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Խոսքը վերաբերում է Հայաստանի և Ղազախստանի տարածքում ռեֆերանս-լաբորատորիաների առկայությանը, որոնք բացվել են ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ: Նման լաբորատորիաներ են գործում նաև Ուկրաինայում և Վրաստանում: «Մեր հատուկ ծառայությունները և գիտնականները մտահոգված են այդ լաբորատորիաների ստեղծմամբ: Բացառված չէ, որ հետագայում դա կարող է ինչ-որ կերպ օգտագործվել մեր դեմ»,- «Կոմերսանտի» հետ զրույցում գանգատվել է ռուսաստանցի դիվանագետը:
Երևանի հետ, պարբերականի տեղեկատվության համաձայն, քննարկվում է կենսաբանական հետազոտությունների ոլորտում համագործակցության շուրջ առանձին փաստաթղթի ստորագրում: Փաստաթուղթը, ըստ ռուսական կողմի, պետք է ապահովի Հայաստանի տարածքում գործող լաբորատորիաներ ռուսաստանցի մասնագետների մուտքի հնարավորությունը:
Նշենք, որ Հայաստանից միջոցառմանը մասնակցում է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը: -լ-