Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել:
Հատկանշական է, որ դեռ մեկ ամիս առաջ Հովսեփյանը հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ, քանի որ իր զբաղեցրած պաշտոնը քաղաքական չէ: Նշենք, որ ՔԿ, Հատուկ քննչական ծառայության, Վճռաբեկ դատարանի ղեկավարները, Հայաստանի օրենսդրության համաձայն, կարող են հրաժարական տալ՝ միայն սեփական ցանկությամբ կամ առողջական վիճակից ելնելով, նրանց չեն կարող ազատել վարչապետի կամ նախագահի որոշմամբ: Այնուամենայնիվ, վերջին մի քանի օրում այդ գերատեսչությունների ղեկավարները հերթով հրաժարականի դիմումներ ներկայացրեցին: Առայժմ իրենց պաշտոնները պահպանում են միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Սահմանադրական սատարանի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Հովսեփյանը հաջողություններ է մաղթել ՔԿ նոր ղեկավարությանը՝ նշելով, որ ժառանգություն է թողնում է կայացած կառույց: ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից, օրենսդիր իշխանությունից, սակայն կարևորել է նաև ներքին անկախությունը։
«Ձեր ինքնուրույնության դրսևորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով»,- դիմելով ՔԿ ծառայողներին՝ ասել է ՔԿ նախագահը և կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։