Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել է, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել և սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի և ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով:
Դարոն Աճեմօղլուն կարևորել է իշխանության տարբեր ճյուղերում ինստիտոցիոնալ հակակշիռների ճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երևույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը, ինչը թույլ կտա հանրությանն իշխանության գործողությունները պահել մշտադիտարկման մեջ: «Ներկա կառավարության գործունեության արդյունքում քաղաքացիները զգում են իրենց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Շատ մարդիկ Հայաստանում այս պահին իսկապես ոգևորված են, իսկապես ուզում են լինել քաղաքականության մաս»,- ասել է Դարոն Աճեմօղլուն:
Տնտեսագետը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ հայազգի աշխահահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն ավելի վաղ ընդունել էր Հայաստանի տնտեսության վերականգնմանն աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հետ զրույցում, Աճեմօղլուն անդրադարձել էր Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերին, նշելով, որ առաջին հնարավորության դեպքում Երևան կայցելի:
Խոսելով Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ հայազգի տնտեսագետը կարծիք էր հայտնել, թե երկրի տնտեսությունը մեծապես տուժել է կոռուպցիայի վրա հիմնված քաղաքական համակարգից: «Հայաստանի հասարակության մեջ և արտասահմանում մեծ հույս կա, որ այժմ շրջադարձային կետում ենք գտնվում: Անհրաժեշտ է հասարակական փոխակերպում, որը ճանապարհ կհարթի առավել մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Նման փոփոխությունը կարող է առաջնորդել միայն Հայաստանի հասարակությունը», – ընդգծել էր Աճեմօղլուն: Նա նշել էր, որ կոռումպացված համակարգն արմատախիլ անելու բարդ գործընթացը «հնարավոր կլինի միայն բազմակողմանի մոտեցմամբ, ինչպես նաև լավ կրթություն ստացած, իդեալիստ ու չկոռումպացված նոր անձանց քաղաքականություն մտնելու ճանապարհով»:
Դարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին Ստամբուլում: Նա ավարտել է Լոնդոնի «Յորք՚ համալսարանը, իսկ դոկտորական թեզը պաշտպանել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում: 1993 թվականին Դարոն Աճեմօղլուն ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի կոչում: Նա աշխարհի ամենաշատ վկայակոչվող տնտեսագետների առաջին տասնյակում է: