Արմինֆո. Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանի, ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականներին հետևել են ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանի և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանի հրաժարականները: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Արցախի կառավարության աղբյուրը:
«Ըստ էության, այս հրաժարականով կատարվել են բողոքի հանրահավաքի մասնակիցների պահանջները: Նրանք պահանջոււմ էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները, ինչն արդեն կատարվել է: Ոստիկանապետն ու ԱԱԾ ղեկավարը հրաժարական են տվել: Ինչ վերաբերում է պետնախարար Արայիկ Հարությունյանին, ապա ժողովուրդը նրա հրաժարականը չէր պահանջել, իշխանություններն այդ քայլին գնացել են հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը կարգավորելոը նպատակով՚, - պարզաբանել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում բողոքի գործողություններ էին սկսվել ԱԱԾ աշխատակիցների և երկու քաղաքացիական անձանց միջև ծեծկռտոցից հետո: Սակայն ցանցում հայտնված տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ ծեծկռտուքը նախաձեռնել էին քաղաքացիական անձինք` երկուսով հարձակվելով հատուկ ջոկատայինի վրա, իսկ հետո արդեն դեպքի վայր էին հասել վերջինի ընկերները, որոնք ծեծի էին ենթարկել քաղաքացիական անձանց: Արդյունքում` 15 մարդ բերման էր ենթարկվել: Ժողովուրդն սկսել էր բողոքի գործողություններ, պահանջելով ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները, որոնք, ակտիվիստների ասելով, կամայականություններ են իրակնացնում Արցախում: