Արմինֆո.Հայաստանը ներկայումս գտնվում է փուլում, երբ ձևավորում է հիմքերը՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձին:
«Այս շրջանում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, ես հեռախոսազրույց եմ ունեցել համանախագահների հետ, հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, այստեղ է գտնվել Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնյան, մենք ընդունել ենք Ֆրանսիայի արտգործնախարարին Հայաստանում, ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ և արդեն, որքան գիտեմ, հայտարարություն է արվել, որ հունիսի 7-ին լինելու եմ Մոսկվայում աշխատանքային այցով, և հիմնական իմաստն այդ այցի հանդիպելն է Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Այս ամբողջ շարքը մեր աշխատանքն է, որը տարվում է գործընթացը շարունակելու ուղղությամբ: Գործընթաց, որն ունի բավական երկար պատմություն, և այդ պատմության մեջ եղել և մնում է մեկ հստակ իրողություն, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն այս խաղաղ կարգավորման գործընթացում: Որոշիչ ձայնը, ինձ թվում է, որևէ նորություն չի որևէ մեկի համար, որ Լեռնային Ղարաբաղն ունի այդ որոշիչ ձայնը, որովհետև ի վերջո հակամարտությունը նույն եռանախագահների ձևակերպմամբ կոչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ «Nagorno-Karabakh conflict»: Լեռնային Ղարաբաղը դա հստակ, այսպես ասենք, զգույշ ասենք, միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, իր ամեն ինչով, միավոր է, որը դժվար թէ հնարավոր է արհամարհել:
Վերջինիս որոշիչ ձայնը ի սկզբանե հստակ եղել է այս ամբողջ գործընթացի հիմքում: Եվ Լեռնային Ղարաբաղը եղել է հակամարտության տարբեր շրջաններում, իր ստորագրությունը դրված է զինադադարի պայմանագրում, և այս ամենը արհամարհելը… սա իրողություններն են, և այս ամենը մենք տեղավորում ենք նաև բանակցային գործընթացի մեջ, որովհետև բանակցային գործընթացում մենք եղել և մնում ենք բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կողմնակից՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ավելին, ես կուզեմ շեշտադրել ևս մեկ հանգամանք, որ այս ամենի համար էական նշանակություն ունի, կենսական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտը: Եվ շատ մտահոգիչ են այն բազմաթիվ տարբեր ձևակերպումները, հայտարարությունները, կոչերը, որոնք նպաստում են ամբողջովին հակառակ բանի»,- ասել է ԱԳՆ ղեկավարը: