Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:
Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ և դրան հետևած դեպքերի զարգացման վերաբերյալ: Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում», - ասվում է Արցախի ՊՆ հայտարարությունում:
Ինչպես արդեն հաղորդել ենք, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Անվտանգության խորհրդի անդամները, Ազգային ժողովի նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։ Քննարկվել են Արցախի մայրաքաղաքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը կարեւորել է մանրակրկիտ ու պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքով սահմանված կարգով։ Բակո Սահակյանը շեշտել է, որ երկրում կայունության եւ օրինականության պահպանումը, սահմանների անվտանգության ապահովումը բացառիկ արժեքներ են մեր ժողովրդի եւ համայն հայության համար։ Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ։
Արցախի ոստիկանության հաղորդման համաձայն, հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Միջադեպի առնչությամբ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 2-ին կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում: Գիշերվա ժամը 3։30-ին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների առողջական վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես ՖԲ իր էջում գրել է Մելիքյանը, ինքը տեղեկացած է, որ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), ինչպես նաև այն մասին, որ քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ: «Անհրաժեշտ ենք համարում, որ քրեական գործի քննության ընթացքի մասին հանրությունը պարբերաբար իրազեկվի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև հետևում են փաստի առթիվ Ստեփանակերտում տեղի ունեցող հավաքին: Հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքների նկատմամբ որևէ միջամտություն ժամը 14:30-ի դրությամբ արձանագրված չէ: Մարդու իրավունքների պաշտպանը հետևելու է իրավիճակին և իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները՚, - գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Միևնույն ժամանակ, Արցախի խորհրդարանից հաղորդել են, որ ստեղծվել է հետաքննող հանձնաժողովը, որը կզբաղվի հանրային կարևորություն ունեցող հարցերի ուսումնասիրմամբ: