Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Անվտանգության խորհրդի անդամները, Ազգային ժողովի նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են մայրաքաղաքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը կարեւորել է մանրակրկիտ ու պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքով սահմանված կարգով։ Բակո Սահակյանը շեշտել է, որ երկրում կայունության եւ օրինականության պահպանումը, սահմանների անվտանգության ապահովումը բացառիկ արժեքներ են մեր ժողովրդի եւ համայն հայության համար։
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ։
Արցախի ոստիկանության հաղորդման համաձայն, հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Միջադեպի առնչությամբ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 2-ին կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում: Գիշերվա ժամը 3։30-ին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների առողջական վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես ՖԲ իր էջում գրել է Մելիքյանը, ինքը տեղեկացած է, որ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), ինչպես նաև այն մասին, որ քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ: «Անհրաժեշտ ենք համարում, որ քրեական գործի քննության ընթացքի մասին հանրությունը պարբերաբար իրազեկվի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև հետևում են փաստի առթիվ Ստեփանակերտում տեղի ունեցող հավաքին: Հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքների նկատմամբ որևէ միջամտություն ժամը 14:30-ի դրությամբ արձանագրված չէ: Մարդու իրավունքների պաշտպանը հետևելու է իրավիճակին և իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները՚, - գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: