Արմինֆո. Թուրքիայի ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ծրագրում է շուտով Հայաստան այցելել և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Փայլանը akunq.net-ին հարցազրույցում, իր վերաբերմունքը հայտնելով Հայաստանի նոր կառավարության առնչությամբ, նշել է. «Հայաստան վերջին այցիս ժամանակ առիթ էի ունեցել հանդիպելու «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և հարգելի Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ ժամանակ նրանք իրենց համեստ կուսակցություն էին համարում: Սակայն ես նրանց ասացի, որ հետևում եմ իրենց կուսակցական ծրագրին, որը շատ նմանություններ ունի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ծրագրի հետ: Նաև ասացի, որ հաստատ հաջողելու են, և որ ես աջակցում եմ իրենց: Սակայն, իրոք, այն ժամանակ անգամ ես չէի սպասում, որ այսքան արագ հաջողության կհասնեն: Այցիցս 6 ամիս անց նրանք Հայաստանում անաղմուկ հեղափոխություն արեցին և չքավորների, ճնշվածների ձայնը փողոցներից, ժողովրդավարական փոփոխության քամով, տեղափոխեցին իշխանության ղեկ: Ծրագրում եմ շուտով, Թուրքիայում ընտրություններից անմիջապես հետո կրկին Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ»:
Միաժամանակ պատասխանելով Հայկական հարցի ուղղությամբ տարվող քաղաքականությանը վերաբերող հարցին՝ Փայլանն ընդգծել է. «Իմ կուսակցության` Հայկական հարցի և, ընդհանրապես, բոլոր ժողովուրդների խնդիրների ուղղությամբ քաղաքականությունն ու դիրքորոշումը հստակ է. թե բոլոր ժողովուրդների` անցյալում ենթարկված ցեղասպանությունների և կոտորածների հետ առերեսվել, և թե ներկայիս քաղաքականության առումով` հավասարության սկզբունքի վրա հիմնված մի կենսակերպ հաստատել: Մեր պայքարը հենց այդ ուղղությամբ է տարվում: Այս հարցում իմ կուսակցությունը ոչ մի «բայց» կամ «սակայն» չունի: Կուսակցությունս վարում է բոլոր ժողովուրդների եղբայրությունն ու հավասարությունը հաստատելու և անցյալի հետ առերեսվելու քաղաքականություն, որը շարունակելու ենք նաև հետագայում»: