Արմինֆո.Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն արդեն իսկ ստացել է բազմաթիվ դժգոհություններ, ահազանգեր կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում առկա չարաշահումների, բացթողումների վերաբերյալ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Թանդիլյանը:
«Այդ կապակցությամբ նախարարության աշխատակիցները, մասնավորապես կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ներգրավված անձիք, զգուշացված են. կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ լինելու եմ անողոք, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս առաջնորդվեն բացառապես օրենքի տառին համապատասխան, ոլորտում որևէ ֆինանսական, նյութական չարաշահում, պաշտոնական դիրքի չարաշահում անթույլատրելի է և խստագույնս պատժվելու է։ Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիներին խնդրում եմ, որևէ չարաշահման փաստի առկայության դեպքում միանգամից դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 114:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավվի խնդիրների լուծման հարցում, որպեսզի կարճ ժամանակում ոլորտում առկա արատավոր երևույթները դառնան պատմություն: Մենք անելու ենք առավելագույնը օր առաջ ունենալ մեր երազանքների Հայաստանը»,- գրել է նա: