Արմինֆո.ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը դեռ չի որոշել՝ կմնա՞ արդյոք նոր կառավարության կազմում: «Այդ հարցին կանդրադառնամ այն բանից հետո, երբ համապատասխան առաջարկ ստանամ»,- մայիսի 11-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է նա:
Ալթունյանի խոսքով, ինքը կշարունակի կատարել առողջապահության նախարարի պաշտոնակատարի պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կհամարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով առողջապահության ոլորտում առաջիկա 5 տարվա ընթացքում նախանշած աշխատանքի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարություններին՝ Ալթունյանը հայտարարել է. «Ծրագրերը, հուսով եմ, կշարունակվեն»:
Նշենք, որ տվյալ պահին պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, թե վարչապետն ում է տեսնում առողջապահության նախարարի պաշտոնում: Միաժամանակ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը նախատեսում է այդ պաշտոնում նշանակել գերատեսչության ղեկավարի ներկայիս տեղակալ Սամվել Մարգարյանին, ով ժամանակին Լևոն Ալթունյանի ղեկավարության ներքո աշխատել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում: