Արմինֆո. Մեր երկրում անպատժելիներ չկան. օրենքի առաջ բոլորը հավասար են: Մայիսի 11-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` մեկնաբանելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և գերատեսչության ներքին զորքերի պետ Լևոն Երանոսյանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
Անդրադառնալով իր նշանակման և բողոքի գործողություններում իր դերի շուրջ քննադատությանը` Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ինքը եղել է իրավապահ համակարգի առաջնագծում: Նրա համոզմամբ, ով էլ լիներ իր տեղում` համանման վարքագիծ կդրսևորեր: «Վարչապետը հարկավոր է համարել ինձ նշանակել այդ պաշտոնում, և ես հնարավորինը կանեմ` ցույց տալու համար, որ միշտ եղել եմ ժողովրդի կողքին՚:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Օսիպյանը, կառավարության ղեկավարը խնդիր է դրել համակարգը դարձնել ժողովրդավարական, արմատախիլ անել կոռուպցիան: «Խնդիրը դրվել է, և մենք այն կկատարենք: Թե ինչ միջոցներ կձեռնարկվեն այդ ուղղությամբ` շուտով կիմանաք՚, - հայտարարել է ոստիկանապետը: Բացի այդ, նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկն ապացուցի, որ գնդապետ Օսիպյանը գործել է անհամարժեք և անհամաչափ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, ապա ինքը հրաժարականի դիմում կներկայացնի և պատասխան կտա օրենքի առջև: