Արմինֆո. Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ չէ և երբեք չի եղել, նա եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավոր: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը նույնպես ղարաբաղյան հակամարտության կողմ է:
«Ոչ մի միջազգային փաստաթղթում Հայաստանը չի նշվում որպես ղարաբաղյան հակամարտության կողմ: Հակամարտող կողմեր են Արցախն ու Ադրբեջանը: Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ չէ, դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարց է: Հակամարտությունն այդպիսի լույսի ներքո ներկաայցննելը վտանգավոր է և անհեռատես, դա հակասում է հայկական կողմերի դիրքորոշմանն ու չի բխում ոչ Արցախի, ոչ Հայաստանի շահերից՚, - ամփոփել է Շարմազանովը, նոր վարչապետին խորհուրդ տալով այսուհետև ավելի շրջահայաց լինել ձևակերպումներում, քանի որ նա այժմ ոչ թե ընդդիմության առաջնորդ է, այլ Հայաստանի պաշտոնական ներկաայցուցիչ: