Արմինֆո. «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը և Աշոտ Պետրոսյանը մայիսի 8-ից հացադուլ են հայտարարել: Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանի խոսքով, նրանք պահանջում են մասշտաբային համաներում հայտարարել և անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Հիշեցնենք, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով արդեն
14-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել խմբի անդամներին աջակցելու համար մեղադրվող «Հիմնադիր խորհրդարան» շարժման նախագահ Գարեգին Չուգասզյանը, ով ձերբակալվել էր ընթացիկ տարվա ապրիլի 24-ին: 57-ամյա Չուգասզյանը 2016 թ. հուլիսից հետախուզման մեջ էր գտնվում, նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով /զանգվածային անկարգությունների կազմակերպում/:
Ապրիլի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ից հայտարարություն էին տարածել Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը (Սասնա Ծռերի անունից): Հայտարարությունում, նրանք, մասնավորապես, ողջունել էին հայ ժողովրդին հաղթանակի կապակցությամբ, որը նրանք «տարան Քաղաքացիական Սարդարապատում»: «Հատուկ ողջույն ենք հղում Քաղաքացիական Սարդարապատի կազմակերպիչներին ու առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, Լենա Նազարյանին, Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս նվիրյալներին։ Դուք կարողացաք շարժել համայն հայությանը, արթնացնել մեր հրաբխային ժողովրդին և նրա հրահեղուկ հոսքն ուղղել ի շահ Հայրենիքի ու պետականության։ Բոլորդ միասին այնպես արեցիք, որ Ապրիլի 24-ը դառնա Ազգային վերածննդի օր»,- նշված էր հայտարարության մեջ: