Արմինֆո. «Քայլ արա» շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը կարողացել է անձամբ ծանոթանալ այն մթնոլորտին, որն այսօր տիրում է Հայաստանում:
Նրա խոսքով, այն, թե ինչպես են մարդիկ դիմավորել իրենց օդանավակայանից մինչև Հանրապետության հրապարակ, վկայում է փոփոխությունների և ուրախության այն մթնոլորտի մասին, որն այսօր տիրում է երկրում: Ըստ որում, Փաշինյանն ընդգծել է, որ երջանկությունը, ուրախությունը, հպարտությունը երբեք չպետք է լքեն հայ ժողովրդին:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ վաղը՝ 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա վարչապետի ընտրության երկրորդ փուլը, որտեղ միակ թեկնածուն ժողովրդի թեկնածուն է: «Վաղը՝ 11:00-ին, կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում: Ես արդեն պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին են քվեարկելու ՀՅԴ կուսակցությունը, «Ծառուկան» դաշինքը, «Ելք» դաշինքը, ինչպես նաև Հանրապետական կուսակցության մի շարք պատգամավորներ: Այնպես որ՝ 95% հավանականությամբ ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի երկրի վարչապետ»,- ասել է Փաշինյանը:
Ըստ որում, նա կոչ է արել վաղ գործադուլ չանել, սակայն մայիսի 8-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր: Նա կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում՝ տոնելու հաղթանակը:
Վերջում Փաշինյանը հայտնել է, որ օդանավակայանից մինչև Հանրապետության հրապարակ ճանապարհին համոզել է Թանկյանին մշտական բնակության նպատակով վերադառնալ Հայաստան, և նա խոստացել է մտածել: