Արմինֆո.Նիկոլ Փաշինյանի վարչապետության հետ կապված մեր մտավախութունները պահպանվել են: Այդ մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, հանրապետականներին հատկապես մտահոգում են արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման հետ կապված հարցերը: Չնայած դրան՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել աջակցել Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում՝ երկրում ճգնաժամը չխորացնելու նպատակով, նշել է Բաղդասարյանը:
Նա նաև հայտնել է, որ այսօր Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, այնուհետև՝ խմբակցության նիստ, որի ժամանակ կլուծվեն բոլոր հարցերը՝ կապված քվեարկության հետ և ոչ միայն: Բաղդասարյանը նշել է նաև, որ ՀՀԿ-ն պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման՝ ընդհուպ ընդդիմություն դառնալը և խորհրդարանի ցրումը:
Անդրադառնալով ՀՀԿ հետ կոալիցիայից ՀՅԴ դուրս գալուն՝ Բաղդասարյանը հավաստիացրել է, որ հանրապետականները պատրաստ էին իրադարձությունների նման ելքին: Ըստ որում, նա չի կիսել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքը, որ ՀՀԿ հետ կոալիցիայում գտնվելը զրկել է դաշնակցականներին կուսակցության կարծիքն արտահայտելու և սեփական հայացքներով ղեկավարվելու հնարավորությունից: «Ուզում եմ նշել, որ մինչև վերջին իրադարձությունները ՀՅԴ-ին շատ լավ աշխատել է ՀՀԿ հետ կառավարող կոալիցիայի շրջանակներում, և մինչև վերջին ժամանկներս որևէ բողոք վերջինիս կողմից չի եղել: Բացի այդ, ստորագրելով ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու մասին համաձայնագիրը՝ ՀՅԴ-ն կարող էր վիճարկել փաստաթղթի՝ իրեն չգոհացնող դրույթները, բայց այդ պահին կուսակցությունը որևէ բողոք չի ներկայացրել»,- ընդգծել է հանրապետականը: