Արմինֆո. Օլիգարխ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը որոշել է ոչ միայն աջակցել վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այլ նաև՝ հանդես գալ երկրում մենաշնորհների վերացման օգտին, մայիսի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:
Նրա խոսքով, ինքը նման որոշման է հանգել ինքուրույն՝ առանց որևէ ճնշման: «Ով լինի ժողովրդի թեկնածուն, նրա օգտին էլ կքվեարկեմ»,- հայտարարել է նա:
Գործարար պատգամավոր, Yerevan City սուպերմարկետների խոշորագույն ցանցի սեփականատեր, ինչպես նաև, ԶԼՄ-ների համաձայն, շաքարավազի շուկայի մենաշնորհատերը հերթական անգամ հայտարարում է, որ բիզնես չունի և երբեք չի ունեցել: Ավելին, տեղեկացված լինելով մենաշնորհները վերացնելու Նիկոլ Փաշինյանի մտադրությունների մասին՝ Սամվել Ալեքսանյանը հայտարարում է, որ լիովին աջակցում է այդ գաղափարին:
Մինչդեռ ապրիլի 21-ին ցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ոտքով հարվածում ցուցարարներից մեկին: Այդ առնչությամբ բողոքի ակցիայի մասնակիցները կոչ էին արել բոյկոտել Yerevan City սուպերմարկետների ցանցը: Արդյունքւոմ, ԶԼՄ-ների համաձայն, Ալեքսանյանը կրճատել է աշխատակիցների աշխատավարձը՝ որոշելով այդպիսով փոխհատուցել իր ֆինանսական վնասները: Ալեքսանյանը կտրականապես հերքում է այդ լուրերը՝ կոչ անելով գտնել թեկուզ մեկ աշխատակցի, ով կվկայի այդ մասին: