Արմինֆո. Հայաստանն այժմ ոչ դյուրին քաղաքական ժամանակներ է ապրում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 4-ի ավանդական ճեպազրույցում այդպես է արձագանքել այն հարցին, թե Հայաստանում ՀՀԿ իշխանության կորուստն ինչպես կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
«Կարծում եմ, հարկավոր է սպասել մինչև քաղաքական ոլորտում իրավիճակն, այնուամենայնիվ, վերջնականապես կայունանա: Լիահույս ենք, որ ժողովուրդը, քաղաքական ուժերը, քաղաքական շարժումները, իրավական դաշտում կկողմնորոշվեն ղեկավար մարմինների կազմի առնչությամբ, և դրանից հետո կստեղծվեն բոլոր հնարավորությունները նաև արտաքին քաղաքականության գիծ վարելու համար, որի խնդիրներից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է՚, - ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանն իր կողմից շատ հետևողական գիծ է պահպանում այդ խնդրի առնչությամբ, և դրանից չի շեղվում: «Այդ պատճառով, մենք այսուհետև էլ կշարունակենք աջակցությունը կողմերին: Սակայն ևս մեկ անգամ ասում եմ, հարկավոր է սպասել Հայաստանում իրավիճակի կայունացմանը՚, - եզրափակել է Զախարովան: