Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը փարատել է թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ կապված մտավախությունները: Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են: Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ: