Արմինֆո. Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, System of a Down-ի հիմնադիր Սերժ Թանկյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ժամանակ շահել եւ անձեռնմխելություն ապահովել իրենց որոշ առաջնորդների համար, որոնք 20 տարի շարունակ թալանել են ժողովրդին:
«Ձեր գեղեցիկ և խաղաղ բողոքի ակցիաների արդյունքում ոչ միայն վարչապետը հրաժարական տվեց, այլ նաև մենք լսեցինք տարաբնույթ հակասական ելույթներ շրջափակված Հանրապետության հրապարակի վերաբերյալ: Սա զարմանալի էր, մեր խորհրդարանն առաջին անգամ դարձել էր հանրային ֆորում: Այսօր պատմություն կերտվեցե, - գրել է Թանկյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Նա համոզմունք է հայտնել, որ փոփոխության այս շարժումը կշարունակվի և ավելի մեծ թափ կհավաքի: «Հայաստանի երիտասարդները և քաղաքացիները հավաքականորեն բարձրացրել են խաղաղ բողոքի ակցիաների նշաձողը ողջ աշխարհում: Նպատակի համար ձեր ցուցաբերած համերաշխությունն ու միասնությունը նոր ալիք է առաջացրել Հայաստանում իրական ժողովրդավարական փոփոխության համար», - գրել է Սերժ Թանկյանը՝ կոչ անելով, վարչապետի ընտրությունը կատարել հնարավորինս շուտափույտ, քանզի դա իրապես ժողովրդին ներկայացնող կառավարություն ձեւավորելու միակ միջոցն է: «Խնդրում ենք զայրույթին ու վրդովմունքին տեղիք չտալ և մնացեք ձեր դրական կեցվաքցքում: Հաղթողները չեն կորցնում իրենց սառնասրտությունը. Արդարությունը կհաղթի: Մենք ձեզ հետ ենք: Արդարություն Հայաստանին», - գրել է Սերժ Թանկյանը, առանձին գրառմամբ ընդգծլով, որ ժողովրդի շարժմանը դիմակայելն անօգուտ է:
Թանկյանն ափսոսանք է հայտնել, որ առայժմ չի կարողացել միանալ ժողովրդին, սակայն խոստացել է շուտով լինել Հայաստանում: «Տարիների անարդարությունից հետո դուք հաղթել եք այս պայքարում: Մեր երկրի ներկան ու ապագան ապահովված է ձեր խաղաղ, խոհուն ակտիվիզմով, ողջ աշխարհն այսօր հիացած է քաղաքացիական անհնազանդության այս անհավատալի հաղթանակով: Եկեք շարունակենք այս ճանապարհը: Սիրեմ ձեզի», - եզրափակել է աշխարհահռչակ երաժիշտը: