Արմինֆո.Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակը, որին կոչ է արել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է և կասկածի տակ կդնի վարչապետի ընտրության լեգիտիմությունը: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
«Չի կարելի նման կերպ իշխանության գալ, քանի որ հետո նման վարչապետի լեգիտությունը կասկած կհարուցի: Իրադարձությունների նման զարգացումը հղի է Հայաստանի համար լուրջ հետևանքներով՝ ինչպես երկրի ներդում, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտում. Երևանն ունի թշնամիներ, որոնք չեն հապաղի այդ իրավիճակից օգտվել»,- ասել է սենատորը ՌԻԱ Նովոստիին:
Ջաբարովը երկրում տիրող իրավիճակը «խիստ տագնապալի» է համարում: «Այն բանից հետո, երբ Փաշինյանը կոչ արեց անհնազանդության ակցիաներ անել, արգելափակել կենսականորեն կարևոր մայրուղիները, ուժեղանում է ոստիկանության և ընդդիմության առաջնորդի կողմնակիցների միջև ընդհարումների հավանականությունը»,- նշել է նա:
Նա կողմերին բանակցությունների կոչ է արել և հույս հայտնել, որ արդյունքում կհաղթանակի առողջ բանականությունը: «Երկում կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականի անցումը շատ ցավոտ է ընթանում, նշանակում է՝ ամեն բան մտածված չէր: Ակնհայտ է հիմա, որ իրավիճակն ինչ-որ պահի բաց է թողնվել»,- գտնում է խորհրդարանականը:
Սենատորի կարծիքով, անհրաժեշտ է անհապաղ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և փոխել վարչապետի ընտրության ընթացակարգը, օրինակ՝ խորհրդարանական կուսակցությունների կոալիցիայի հիման վրա: