Արմինֆո. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մի շարք աշխատակիցներ որոշել են միանալ քաղաքացիական անհնազանդության ակցիաներին: Ինչպես հայտնել են օդանավակայանի աշխատակազմում ԱրմԻնֆո-ի աղբյուրները, ուղևորների գրանցման համար պատասխանատու ծառայության աշխատակիցները խորհրդանշական կերպով մեկ ժամ գործադուլ են արել, բայց հետո վերադարձել են սովորական աշխատանքային ռեժիմի:
Օդանավակայանի մի շարք աշխատակիցներ, ովքեր ցանկացել են անանուն մնալ, հայտարարել են, որ ակցիաներին կմիանան կեսօրից հետո:
Նշենք, որ օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ 11:20-ի դրությամբ բոլոր չվերթներն իրականացվում են ըստ ժամանակացույցի, հետաձգվել է միայն Ստամբուլի չվերթը:
Վաղ առավոտից Երևանում փակ են բոլոր հիմնական ճանապարհները, այդ թվում՝ միջհամայնքային և միջհանրապետական: Փակ է նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհը: