Արմինֆո.Մեկ ամիս առաջ Գյումրիից մեկնարկած «Քայլ արա» նախաձեռնությունը շրջադարձային նշանակություն ունեցավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համար: Այդ մասին մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ելք» ընդդիմադիր խմբակցությունից վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորը փաստել է, որ զանգվածային ձերբակալությունները, այդ թվում՝ իր և ևս մի քանի պատգամավորների, պայթեցրեցին ներքաղաքական իրավիճակը Հյաաստանում, և արդեն ապրիլի 23-ին Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ: «Թվում էր, թե եկել է իրավիճակի խաղաղ կարգավորման ժամանակը, և կառավարող վերնախավը պետք է ընդունի երկրում ստեղծված իրողությունը և իշխանությունն առանց ցնցումների հանձնի ժողովրդին: Սակայն, Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իշխանության պահպանման ուղիներ էր փնտրում: ՀՀԿ-ն մտադիր էր նոր վարչապետ նշանակել և շարունակել մնալ իշխանության ղեկին: Բայց նրանք հաշվի չառան մեկ կարևոր հանգամանք՝ «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումն ուղղված չէր անձի դեմ, այն գոյություն ունեցող համակարգի դեմ էր: Այսինքն՝ ժողովրդի նպատակը ոչ թե մեկ անձը մյուսով փոխարինել էր, այլ կոռումպացված, ապօրինի համակարգն արմատախիլ անելը»,- ասել է Փաշինյանը:
Նա ավելացրել է, որ Սարգսյանին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանով փոխարինելու ՀՀԿ բոլոր փորձերն էլ ավելի խորացրեցին երկրում ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով, ժողովրդական բողոքներն ստիպեցին ՀՀԿ-ին կարևոր որոշում կայացնել և վաչապետի պաշտոնում թեկնածու չառաջադրել մայիսի 1-ի ընտրություններում: «Սակայն, ՀՀԿ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է «մուկ ու կատու խաղալ» սեփական ժողովրդի հետ և մինչև հիմա չի հայտարարել, որ քվեարկելու է ժողովրդական թեկնածուի օգտին: Թեև ակնհայտ է, որ դա ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհն է»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը սկսել են ճնշում գործադրել Ազգային ժողովի բոլոր պատգամավորների վրա՝ պահանջելով չքվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին: «Ուզում եմ նախազգուշացնել, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են անկանխատեսելի և անցանկալի հետևանքների հանգեցնել: Կանգ առեք, քանի ուշ չէ, քանի որ ձեր նման պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ»,- ասել է Փաշինյանը:
Միաժամանակ նա դիմել է Հայաստանի քաղաքացիներին՝ կոչ անելով դուրս գալ փողոցներ՝ թույլ չտալու, որպեսզի ժողովրդից խլվի նրա հաղթանակը: Նման խնդրանքով Փաշինյանը դիմել է նաև Սփյուռքին: