Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը վարչապետի թեկնածության առնչությամբ որոշում կկայացնի այն բանից հետո, երբ կստանա վարչապետի միակ թեկնածու, «Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ խմբակցոթյան ներկայացուցիչների երեկ կայացած հանդիպումից հետո օդում կախված բոլոր հարցերի պատասխանները: Այդ մասին մայիսի 1-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա հիշեցրել է, որ երեկ խմբակցության նիստի ժամանակ, որին հրավիրված էր Փաշինյանը, ՀՀԿ ներկայացուցիչները չեն հասցրել տալ բոլոր հարցերը: Բաղդասարյանի խոսքով, երբ ՀՀԿ-ում ասում են, որ չեն խոչընդոտելու քվեարկությանը, իրենք, ամենից առաջ, նկատի են ունեցել քվորումի ապահովումը: Խմբակցության ղեկավարը չի բացառել, որ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի թեկնածության առնչությամբ քվեարկի «ազատ ռեժիմով»՝ չնայած այն բանին, որ ինքը հանդես է գալիս խմբակցության միասնական դիրքորոշման օգտին:
Վահրամ Բաղդասարյանը հանդես է եկել նաև վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարի դեմ, որոնք, նրա խոսքով, կարող են հետ գցել երկրի զարգացումը: Այնուամենայնիվ, նա չի բացառում իրադարձությունների նման սցենարը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտրության համար պակասում է 6 ձայն, որոնք կարող է տալ միայն ՀՀԿ խմբակցությունը, որը 58 մանդատ ունի խորհրդարանում: Փաշինյանը գիշերը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՀՀԿ-ն մտադիր է տապալել վարչապետի ընտրությունները և վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների գնալ: