Արմինֆո. Ընդդիմադիր շարժման անդամները շրջափակել են «Երևան Սիթի» սուպերմարկետը, /հիշյալ սուպերմարկետների ցանցը պատկանում է ՀՀԿ-ից պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին/՝ կոչ անելով բոյկոտել վերջիններսի աշխատանքը:
Ցուցարարները կոչ են անում նաև բոյկոտել «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է մեկ այլ օլիգարխ, ՀՀԿ-ից պատգամավոր Արտակ Սարգսյանին: Ընդդիմադիրները կոչ են արել սուպերմարկետների աշխատակիցներին դուրս գալ և միանալ իրենց նախաձեռնությանը:
«Բոյկոտեք օլիգարխներին, պաշտպանեք ձեր իրավունքները: Թող մեր երկրում բարգավաճի ոչ միայն խոշոր, այլ նաև՝ փոքր բիզնեսը: Ասեք ոչ ստրկատիրական աշխատանքին: Ձեզ շահագործում են, քիչ վճարում, ստիպում շատ աշխատել, եկեք մեր հանրահավաքին, դա ձեր իրավունքն է»,- կոչ են արել ցուցարարները:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են նաև, որ իրենց բողոքը բացառապես խաղաղ բնույթ է կրում, և իրենք չեն պատրաստվում բախումներ ստեղծել ոստիկանության աշխատակիցների հետ:
Ոստիկանության աշխատակիցները փորձել են գտնել բողոքի ակցիայի առաջնորդին և խոսել նրա հետ, սակայն ցուցարարները հայտարարել են, որ ակցիան առաջնորդ չունի, և եթե ոստիկանության աշխատակիցները ցանկանում են խոսել ինչ-որ մեկի հետ, թող խոսեն միանգամից բոլորի հետ: «ՀՀԿ իշխանությունն ավարտվել է, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Միացեք գործադուլին»,- կոչ են արել ընդդիմադիրները: