Արմինֆո.«Քայլ արա» նախաձեռնության՝ Երևանից Գյումրի ավտոերթին արդեն մի քանի հարյուր մեքենա է մասնակցում: Ճանապարհի ընթացքում գնալով ավելի շատ մեքենաներ են միանում շարժմանը:
Նշենք, որ ավտոերթը մեկնարկել է 15-րդ թաղամասում՝ 15:00-ին: Ավտոերթի մասնակիցները ընդմիջում են արել Ուջան գյուղում, որտեղ ակցիայի մասնակիցներին երգով, աղուհացով են դիմավորել հարյուրավոր գյուղացիներ: «Քայլ արա» շարժման առաջնորդը գյուղի բնակիչների հետ հանդիպմանը, մասնավորապես, նշել է, որ այդ գյուղի բնակիչները միշտ աչքի են ընկել իրենց հերոսությամբ: Գյուղի բնակիչներն ակցիայի առաջին օրերից իրենց կողքին են եղել, ավելացրել է նա:
Ավտոերթին մասնակցող դերասանուհի Արսինե Խանջյանը, ով երեկ էր ժամանել Հայաստան բողոքի ակցիաներին միանալու համար, ասել է, որ տպավորված է կատարվածի մասշտաբներով: Ըստ որում, դերասանուհին բոլորին կոչ է արել մայիսի 1-ին դուրս գալ Երևանի փողոցներ և աջակցել շարժմանը: Նրա խոսքով, վերջապես հույս կա սկսած գործը հաղթական ավարտին հասցնելու համար, քանի որ առանց այս շարժման երկիրն ապագա չունի:
Նշենք, որ ավտոերթը կավարտվի Գյումրիում, որտեղ երեկոյան տեղի կունենա հանրահավաք: