Արմինֆո.Փաստաբան Հայկ Ալումյանը դիմում է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որում տեղեկացնում է, որ Կարեն Կարապետյանը չի կարող պաշտոն զբաղեցնել նախարարների կաբինետում:
«Պարոն Նախագահ. Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագրով քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել եք Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ: Ներկա պահին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իր պաշտոնից, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության վարչապետի լիազորությունները: Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի՝ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Պատգամավորին ներկայացվող պահանջներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում, որտեղ ասված է՝ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Քաղաքացի Կարեն Կարապետյանը չի համապատասխանում պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված պահանջներից առնվազն մեկին՝ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջին: Հետևաբար, նա չի կարող լինել Կառավարության անդամ: Իսկ Կառավարության անդամ, ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի, հանդիսանում են վարչապետը, փոխվարչապետը և նախարարները: Վերը շարադրվածից հետևում է, որ քաղաքացի Կարեն Կարապետյանը չի կարող զբաղեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի կամ նախարարի պաշտոն: Նրան ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագիրն, այսպիսով, հակասահմանադրական է և ենթակա է վերացման՝ անվավեր ճանաչման՚, - ասվում է Հայկ Ալումյանի` Հայաստանի նախագահին հղված դիմումում: