Արմինֆո. ԵԱՀԿ առընթեր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարի Քամիանը բոլոր կղմերին կոչ է արել մասնակցել երկխոսությանը Հայաստանի սահմանադրության շրջանակում:
Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը, Քամիանը, մասնավորապես, նշել է, որ առաջիկա օրերը պատմական հնարավորություն են Հայաստանի ժողովրդի և նրա առաջնորդների համար, քանի որ նրանք ձեռնամուխ են լինում նոր կառավարության ձևավորմանը: «Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք գովելի ենք համարում Հայաստանի ժողովրդի մասնակցությունը ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով իրենց ինքնիշխան ապագան կերտելու երկխոսությանը»:
Քամիանը նաև ողջունել է ոստիկանության և խաղաղ հավաքների իրենց իրավունքն իրացնող քաղաքացիներին՝ զսպվածություն ցուցաբերելու և երաշխավորելու համար, որպեսզի վերջին երկու շաբաթների իրադարձությունները լինեն, հիմնականում, խաղաղ և առանց բռնությունների: Փաստը, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում խոշոր բռնություն չարձանագրվեց, քաջալերող է: Մենք շարունակում ենք հորդորել բոլոր կողմերին պահպանել զսպվածություն, խուսափել իրավիճակի որևէ սրացումից ու բռնի գործողությունից: Մենք ի գիտություն ենք ընդունում, որ իշխանությունները հետաքննություն են սկսել ըստ հաղորդումների՝ լրագրողների ու ցուցարարների դեմ իրականացված բռնության մի քանի դեպքերի շուրջ, և ակնկալում ենք այդ միջադեպերի շուրջ ամբողջական ու թափանցիկ իրավական գործընթաց», - հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարի Քամիանը: