Արմինֆո.Ադրբեջանում ընտրություններ չեն լինում, չկա ընդդիմություն, ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանում ընտրություններից հետո ղարաբաղյան հարցում հազիվ թե լուրջ փոփոխություններ լինեն: «Ամենայն հավանականությամբ, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում ղարաբաղյան հարցում կպահպանվի նույն իրավիճակը, ինչ հիմա է. կգործի ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահները կաշխատեն ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ, իսկ Հայաստանն ու Արցախը կուժեղացնեն զինված ուժերը շփման գծում»,- նշել է «Կովկաս» ինստիտուտի տնօրենը:
Իսկանդարյանի խոսքով, Ադրբեջանը, անշուշտ, պարբերաբար կկազմակերպի փոխհրաձգություններ, դիվերսիաներ և ամեն կերպ կպահպանի լարվածությունը սահմանին, բայց այդ հարցում Բաքվի քաղաքականությունում առանձնակի փոփոխություններ սպասել պետք չէ: «Շփման գծում պարբերաբար փոխհրաձգություններ և դիվերսիաներ կազմակերպելն Ադրբեջանի ռազմավարությունն է: Հարցը միայն այն է, թե որքան հաճախ տեղի կունենան նման միջադեպերը: Իհարկե, կլինեն էսկալացիաներ, հնարավոր է նույնիսկ խոշորամասշտաբ, բայց 2016 թ. ապրիլի նման իրավիճակ մոտ ժամանակներս չի լինի»,- հավաստիացրել է փորձագետը: Քաղաքագետը նաև հայտարարել է, որ այս տարի իրավիճակը սահմանին, նախորդ տարվա համեմատ, համեմատաբար հանգիստ է, այսինքն՝ դա ապացուցում է այն փաստը, որ լարվածությունը սահմանին աստիճանաբար անկում է ապրում:
Իսկանդարյանը նաև հավելել է, որ Թուրքիան հիմա Ղարաբաղով զբաղվելու ժամանակ չունի, և հազիվ թե պետք է այդ հարցում Անկարայի կողմից որևէ ագրեսիայի հետ կապված մտավախություններ ունենալ: