Արմինֆո.Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրին։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, Եգոր Կարապետյանը ներկայացրել է ճանապարհային ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների որոշ մանրամասներ։
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչը խթան կարող է դառնալ նաև հարևան երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցության համար՝ մասնավորապես ճանապարհային երթևեկության ոլորտում։
Ալի Նասեր Սոբհանիփուրը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք կա։ Միայն անցած տարի Հայաստան են այցելել 220,000 իրանցի զբոսաշրջիկներ, որոնց ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները լավ վերաբերմունք են ցույց տվել։
Քննարկվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված և տեսանկարահանող սարքերով ֆիքսված արտասահմանյան համարանիշերով մեքենաների վարորդներին սահմանային անցակետերում ծանուցելու կարգը։ Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը նշել է, որ կատարած իրավախախտումների մասին վարորդները շուտով կծանուցվեն նաև Մեղրիի անցակետում։ Քննարկվել են ճանապարհային երթևեկության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Հանդիպման ավարտին Ալի Նասեր Սոբհանիփուրը եղել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացել ստորաբաժանման աշխատանքին։