Արմինֆո. Ադրբեջանում ընտրությունները, Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտը, ինչպես նաև ԱՄՆ և ՌԴ համագործակցությունը կարող են պայմաններ ստեղծել Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար:
Ինչպես հայտնում է DW-ն, այդպիսի կարծիք են հայտնել Բրյուսելում ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված կլոր սեղանին մասնակցող փորձագետները:
Այնուամենայնիվ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը կարծիք է հայտնել, որ կողմերը երբեք այդքան հեռու չեն եղել հաշտության համաձայնագրից, ինչպես այսօր: «Նոր պատերազմի հնարավորությունը մինչև հիմա շատ բարձր եմ համարում»,- նշել է նա:
Նրա հետ համակարծիք էին կլոր սեղանի մյուս մասնակիցները: Ինչպես նշել են կլոր սեղանի մասնակիցները, հակամարտության հնարավոր շարունակման հետ կապված մտավախությունների համար բավականաչափ պատճառներ կան. կողմերը ոչ միայն ուժեղացրել են իրենց ռազմական ներկայությունը շփման գծում, այլ նաև մեծանում են ռազմատենիչ տրամադրությունները թե Հայաստանի, թե Ադրբեջանի հասարակություններում: Սակայն, ոչ բոլորն էին հոռետեսական տրամադրված:
Բրիտանական LINKS վերլուծական կենտրոնի տնօրեն Դենիս Սամմութը խաղաղարար բանակցություններում առաջընթացի հանարավորություն է տեսնում: Դրա համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև միջազգային մակարդակով: Երկու երկրների համար հաջորդ շաբաթը հագեցած կլինի կարևոր քաղաքական իրադարձություններով:
«Ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի կունենան նախագահի ընտրությունները: Սպասվում է, որ Ալիևը կրկին կվերընտրվի: Իսկ Հայաստանում ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետը, սակայն նա ևս, ինչպես սպասվում է, կմնա իշխանության ղեկին՝ շնորհիվ 2015 թ. սահմանադրական հանրաքվեի: Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական հանրապետության, որտեղ իշխանությունը կենտրոնացած կլինի վարչապետի ձեռքում, ով, ամենայն հավանականությամբ, կդառնա Սերժ Սարգսյանը»,- նշում է DW-ն:
«Երկու երկրների առաջնորդները կունենան ղարաբաղյան խնդրի շուրջ աշխատելու աննախադեպ քաղաքական իշխանություն և տարածություն, եթե ցանկանան»,- գտնում է Սամմութը: Նա խոստովանում է, որ նախորդ ընտրություններից առաջ արդեն հնչել են առաջարներ, որ դրանցից հետո ամեն բան կփոխվի: Ներկայիս իրավիճակը փորձագետը փոքր-ինչ այլ է համարում. «Հիմա այն պահն է, երբ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, ինչ-որ դրական բան…Հաջորդ վեց-յոթ ամիսները կարևոր կլինեն, և մենք կտեսնենք շարժ, որը մինչ այժմ չի եղել»:
Crisis Group-ի անդամ Զաուր Շիրիևը նույնպես չի բացառել հնարավոր առաջընթացը: Ըստ որում, փորձագետը մատնանշում է, որ ադրբեջանական հասարակությունում իշխանություններից ղարաբաղյան խնդրի լուծման հարցում արդյունքների են սպասում:
Չնայած միջազգային մակարդակում իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև մի շարք այլ հարցերի առնչությամբ բարդ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նրանք փոխըմբռնում ունեն:
Դավիթ Շահնազարյանը մատնանշում է անցած ամռանը Մոսկվայի դիրքորոշման փոփոխությունը: Եթե մինչ այդ Կրեմլը պատրաստ էր քայլեր ձեռնարկել՝ առանց մյուս համանախագահների հետ խորհրդակցելու, վերջին ութ ամսում «շատ սերտ համագործակցություն» կա: «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում այքան էլ շատ չեն ձևաչափերը, որտեղ ԱՄՆ և Ռուսաստանը կարող են աշխատել միմյանց հետ, իսկ սա նման հարթակներից մեկն է», ընդգծել է փորձագետը՝ համարելով դա շփման գծում կայունության պատճառներից մեկը:
Տարտուսի համալսարանում դասավանդող քաղաքագետ Անդրեյ Մակարիչևի խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ: Այդ պատճառով այն փորձում է Բաքվին հետ պահել ռազմական լուծումից: Միևնույն ժամանակ Մոսկվան փորձում է Երևանին հետ պահել չափազանց ուժեղ արևմտամետ կողմնորոշումից:
Չնայած այն բանին, որ Եվրամիությունը գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում Հարավային Կովկասում՝ թե Բաքուն, թե Երևանը չեն ցանկանում ԵՄ անմիջական մասնակցությունը հակամարտության կարգավորմանը և մեծ դեր չեն հատկացնում Բրյուսելին այդ հարցում:
Միաժամանակ Շիրիևը նախազգուշացրել է, որ եթե, այնուամենայնիվ, տեղի ունենա հաջորդ բռնկումը, այն ավելի մասշտաբային կլինի: «Հաջորդ սրացումը կլինի շատ ավելի ավերիչ, քան երկու տարի առաջ տեղի ունեցածը»- նախազգուշացրել է փորձագետը: