Արմինֆո. Բաքուն հերթական անգամ հայտարարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ստատուս-քվոյի անընդունելիության մասին:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով Բաքվում մեկնարկած Չմիավորման շարժման անդամ երկրների արտաքին գործերի նախարարների «Միջազգային խաղաղության և կայունության խրախուսումը՝ հանուն կայուն զարգացման» թեմայով համաժողովում, մասնավորապես, հայտարարել է. «Հակամարտության հետևանքով ստեղծված «ստատուս-քվոն» երբեք չի ընդունվելու: Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա չկարգավորված հակամարտությունը անվտանգության և տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտն է»:
Ըստ որում, Մամեդյարովը հերթական անգամ հիշեցրել է հայկական կողմից ՄԱԿ-ի 4 բանաձևերի իբր չկատարման մասին: «Չմիավորման շարժումը նույնպես Լեռնային Ղարաբաղը համարում է իմ երկրի մասը, հակամարտության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորման կողմնակից է: Հակամարտության հետևանքով ձևավորված ստատուս քվոն երբեք չի ընդունվելու»,- ասել է Մամեդյարովը: