Արմինֆո. Եվրամիությունը հետևողական քաղաքականություն է վարում վիզային ռեժիմի ազատականացման հարցում: Այդ մասին մարտի 27-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը:
Որպես օրինակ՝ նախարարը բերել է Մերձբալթյան երկրների և Ուկրաինայի օրինակը: Նա նշել է, որ Հայաստանը լուրջ բարեփոխումներ է իրականացնում՝ ուղղված մարդու իրավունքների պահպանմանը, օրենքի գերակայության, արդարադատության ապահովմանը, սակայն դեռ շատ բան կա անելու: Այնուամենայնիվ, նախարարի հավաստմամբ, այն ճիշտ ուղղությամբ է ընթանում: «Կարծում եմ, որ արդյունքում Հայաստանի ջանքերը հաջողությամբ կպսակվեն՝ վիզային ռեժիմի լիակատար ազատականացման տեսքով»,- ասել է Ասելբորնը:
Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգը միշտ դրական դիրքորոշում է ունեցել այդ հարցում, և հանդես է եկել ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի օգտին: Սակայն, նրա խոսքով, Եվրոպան արդարացի մտավախություններ ունի այս առնչությամբ, քանի որ արդեն եղել են վիզային ռեժմի ազատականացման շրջանակներում տրամադրվող հնարավորությունների չարաշահման դեպքեր: «Բայց ուզում եմ ասել, որ Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում, և մենք կգանք դրան: Այժմ վաղ է խոսել հստակ ժամկետների մասին: Եվրահանձնաժողովը պետք է ճիշտ լուծում գտնի յուրաքանչյուր պետության համար: Սակայն, Հայաստանը միշտ կարող է այդ հարցում ակնկալել Լյուքսեմբուրգի աջակցությունը»,- ասել է նախարարը: