Արմինֆո. «Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավելի ճկուն քաղաքականություն են վարում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ»,- մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Պատասխանելով այն դիտարկմանը, որ մինչ օրս Արցախի բարձրագույն ղեկավարությունը նման մակարդակի ընդունելության չի արժանացել Երևանի ռազմավարական գործընկեր Մոսկվայի կողմից, ինչպիսին օրերս ցուցաբերվեց ԱՄՆ-ում՝ փոխնախարարը նշել է, որ Վաշինգտոնն այս համատեքստում հատուկ մոտեցում է ցուցաբերում, ինչն արտահայտվում է նաև Արցախին նյութական աջակցությամբ, որը բյուջեով է հաստատվում: «Այդ տեսակետից ԱՄՆ քաղաքականությունը տարբերվում է. Վաշինգտոնն ընդհանուր առմամբ ավելի բազմաշերտ մոտեցում ունի արտաքին հարաբերություններում, ինչը պայմանավորված է Կոնգրեսի ինքնուրույնությամբ և կոնգրեսականների՝ Սպիտակ տան կարծիքից տարբերվող կարծիք հայտնելու հնարավորությամբ: Այսպիսով՝ այս տեսակետից Միացյալ Նահանգներն ավելի ճկուն քաղաքականություն են իրականացնում»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն: Բակո Սահակյանի ԱՄՆ այցը հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը: ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: «Բակո Սահակյանի ԱՄՆ այցի, ինչպես նաև Կոնգրեսում միջացառումների անցկացման կապակցությամբ ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, և նրան հանձնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ից ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղղված բողոքի նոտա», - Trend- ին հայտնել է ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: