Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Կրեմլի մամուլի ծառայությունից, Ռուսաստանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արմեն Սարգսյանի գործունեությունն այդ բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանը՝ ի բարօրություն երկու եղբայրական երկրների ժողովուրդների:
Մարտի 2-ին Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում երկրի նոր նախագահ է ընտրվել միակ թեկնածու Արմեն Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրել էր կառավարող կոալիցիան: Սարգսյանի թեկնածության օգտին քվեարկել է 90 պատգամավոր, դեմ` 10-ը: Ավելի վաղ ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան՚ դաշինքի խորհրդարանական խմբակցությունները հայտարարել էին կառավարող կուսակցության առաջադրած Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Դեմ էր արտահայտվել միայն «Ելք՚ դաշինքը: Հիշեցնենք, որ 2015 թվականին ընդունված նոր սահմանադրության համաձայն, ապրիլից Հայաստանը լիովին կանցնի կառավարման խորհրդարանական ձևի: