Արմինֆո.ՀՀԿ-ից Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում խուսափել է պատասխանել «Ելք՚ դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում երկրի վարչապետի պաշտոնին հավակնելուց հրաժարվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը և, չնայած այդ հանգամանքին, վարչապետի պաշտոնի համար հենց նրա թեկնածությունն առաջադրելու ՀՀԿ մտադրությանը:
«Կարծում եմ` այդ հարցն ավելի լավ կլինի ուղղեք հենց Սերժ Սարգսյանին, ես չեմ կարող մեկնաբանել այլ քաղաքական գործիչների հայտարարությունները՚, - հավաստիացրել է նա: Սարգսյանը խուսափել է պատասխանել Փաշինյանի նաև այն հարցին, թե ինչու ինքը չի ներկայացնում Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ իր դիմումի պատճենը: Թեկնածուն միայն վերստին հավաստիացրել է, որ 2011 թվականից հրաժարվել է Միացյալ Թագավորության քաղաքացիությունից:
Իսկ, պատասխանելով այն հարցին, թե ինչու «Եվրասիա Հաուզ՚ հիմնադրամի 2014 թվականի փաստաթղթերում ինքը նշված է որպես ՄԹ քաղաքացի, և այդ փաստաթղթերի ներքո կա իր ստորագրությունը, Սարգսյանը հայտարարել է, որ այդ փաստաթղթերը ձևական բնույթի էին, և դրանք ստորագրելիս ինքը չի նայել, թե ինչ է գրված իր քաղաքացիության մասին: Դա հարուցել է Փաշինյանի վրդովմունքը, ով նշել է. «Ինչպե՞ս կարող է երկրի նախագահի պաշտոնին հավակնող մարդը ստորագրել փաստաթղթեր` առանց դրանց էությանը ծանոթանալու: Ստացվում է, որ նախագահ ընտրվելուց հետո Դուք կարևորագույն փաստաթղթերն ստորագրելու եք առանց դրանք կարդալու՞՚, - հարց է տվել պատգամավորը:
Պատասխանելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանն առնչվող հարցին` Սարգսյանը հայտարարել է, թե չգիտի` արդյոք երկրում կան այդպիսիք: «Ես լիազոր կառույցներին խնդրել եմ ինձ համապատասխան տղեեկատվություն տրամադրել, առայժմ ինձ ոչ մի փաստաթուղթ չի տրամադրվել: Սակայն կարող եմ ասել մեկ բան. Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն՚, - հայտարարել է Սարգսյանը:
Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք նախագահ ընտրվելուց հետո բարոյապես պարտավորված չի զգալու իրեն առաջադրած ՀՀԿ հանդեպ: «Ես կլինեմ ոչ միայն հանրապետականների, այլ ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը՚, - հայտարարել է Արմեն Սարգսյանը:
Խոսելով այն մասին, թե որ հարցերին է շեշտադրում կատարելու նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում, Սարգսյանը հայտարարել է. «Հայաստանում կա կոռուպցիոն ֆոն, ինչը հանգեցնում է քաղաքացիների անտարբերության, ապատիայի և արտգագաղթի: Այդ չարիքի դեմ պայքար պետք է մղվի ինստիտուցիոնալ կերպով` վերից մինչև վար՚:
Նա նաև հավաստիացրել է, որ մեծ ուշադրություն կդարձնի բնապահպանական հարցերին: «Տնտեսության ոչ մի ոլորտ, այդ թվում լեռնահանքային արդյունաբերությունը, չպետք է զարգանա շրջակա միջավայրի պահպանության հաշվին: Այսօր, լուծելով այսրոպեական տնտեսական խնդիրներ, մենք կարող ենք զրկվել ամենաթանկարժեք ռեսուրսից` բնությունից և ջրից՚, - ընդգծել է թեկնածուն:
Որպես Հայաստանի քաղաքականության նվաճում նա նշել է ԵԱՏՄ անդամությունը և Եվրամիության հետ ընդլայնված ու համապարփակ գործընկերության շուրջ պայմանագրի ստորագրումը: «Հայաստանը փոքր երկիր է` փոքր շուկայով, և ինտեգրացիոն նախագծերից դուրս նա հետաքրքիր չի լինի ներդրողների համար՚, - ամփոփել է թեկնածուն: