Արմինֆո.Հանրապետական կուսակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյան այսօր Ազգային ժողովում իր նախընտրական ելույթն սկսել է՝ հարգանքի տուրք մատուցելով մարտի 1-իե զոհերի հիշատակին:
Այնուհետև Սարգսյանը խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է առաջադրվել Հայաստանի նախագահի պաշտոնում: Նա երախտագիտություն է հայտնել իշխանության բոլոր էշելոններին, հասարակական և գիտական շրջանակներին ցուցաբերած վստահության համար: Սակայն, ամենաարժեքավորը նրա համար շարքային քաղաքացիների հետ շփումն է:
Նրա կարծիքով, Հայաստանն այս տարիներին արձանագրել է բազմաթիվ հաջողություներ, եղել են նաև բացթողումներ: Հիմնական ձեռքբերումը թեկնածուն համարել է արցախյան պատերազմում հաղթանակը, որը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Մեկ այլ ձեռքբերումը, նրա խոսքով, հայկական զինված ուժերն են, որոնք չեն զիջում հսկայական բյուջե ունեցող զարգացած շատ երկրների զինված ուժերին: Թերությունների թվում նա նշել է սոցիալական բևեռացվածությունը և աղքատության բարձր մակարդակը:
«Ժամանակն է ձեռնամուխ լինել երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում իրական բարեփոխումներին՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով: Այդ բարեփոխումների տրամաբանությունը պետք է հանդիսանա սահմանադրական սկզբունքը՝ «մարդը բարձրագույն արժեք է»: Անհրաժեշտ է բարձրացնել դատական համակարգի նկատմամբ վստահությունը՝ կոռուպցիայի վերացման, վստահության մթնոլորտի ստեղծման ճանապարհով: Սոցիալական խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել մասնավոր հատված-պետություն համագործակցությունը՝ այդ գործընթացում սոցիալական տարբեր խավերի ներգրավմամբ: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ազգային համախմբում: Նույնիսկ բացասական շատ երևույթների դեմ պայքարը, ինչպես՝ կոռուպցիան, հովանավորչությունը, կաշառակերությունը, չպետք է պառակտի հասարակությանը»,- հայտարարել է Սարգսյանը: Նրա խոսքով, հրատապ խնդիրներից մեկը երկրում սոցիալական արդարության մթնոլորտի հաստատումն է, ինչը յուրաքանչյուրիս պարտքն է:
Այնուհետև Սարգսյանն ուշադրությունը կենտրոնացրել է Հայրենիք-Սփյուռք կապերի ակտիվացման, երկրի մարզերի հավասարաչափ զարգացման հարցերի վրա:
Խոսելով ներդրումային քաղաքականության մասին՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է առանձնակի մոտեցում ցուցաբերի: «Եթե այլ երկրներում ներդրումները ներգրավվում են՝ հաշվի բնական պաշարները և կայունությունը, Հայաստանում շեշտը պետք է դրվի արդարության և վստահության մթնոլորտի ստեղծման, կոռուպցիայի վերացման, բնապահպանական արդյունաբերության զարգացման հարցերի վրա»,- նշել է թեկնածուն՝ ընդգծելով, որ 21-րդ դարում Հայաստանում համար առանձնահատուկ հեռանկարներ են բացվում՝ հաշվի առնելով, որ ապագան ինտելեկտուալ նվաճումներինն է:
Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, թեկնածուն առաջարկել է փոխառել լավագույնը խորհրդային համակարգից և ստեղծել նոր համակարգ: «Եթե ընտրվեմ նախագահ, իմ բազմամյա փորձն ու ներուժը կծառայի Հայաստանի և Արցախի զարգացմանը»,- խոստացել է Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ նախագահի պաշտոնում կհետևի բացառապես Սահմանադրության նորմերին: