Արմինֆո. Փետրվարի 27-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Հանդիպման ընթացքում Դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահի և արտգործնախարարի ջերմ ողջույնները: Այնուհետև, դեսպանը հանգամանալից ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:
Անտոնիո Գուտերեշը, շնորհակալություն հայտնելով ողջույնների համար, հիշատակել է 2017թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի շրջանակներում Հայաստանի նախագահի հետ ունեցած հանդիպումը և իր նախկին պաշտոնում Հայաստան կատարած այցերը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշել է ՄԱԿ-ին անդամակցության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի կողմից կազմակերպված համերգ-միջոցառումը, որին ինքը ներկա էր գտնվել, ինչպես նաև ողջունեց Ֆրանկոֆոնիայի գալիք գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշումը՝ վերահաստատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի հետ ՄԱԿ-ի շարունակաբար աճող համագործակցության ամրապնդմանը սատարելու իր հանձնառությունը։
Դեսպան Մնացականյանն ու Գլխավոր քարտուղար Գուտերեշը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ում և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության և միջազգային բազմակողմ գործընթացներում իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: