Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնությունների առումով արտահայտել է իր դիրքորոշումը:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի փետրվարի 11-ի հայտարարությանը, որով կողմերին կոչ է արվում ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից: ԱՄՆ-ը նաև կողմերին կոչ է անում հարգել բանակցային գործընթացի ակտիվացման մասին 2017-ին Ժնևի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար» - ասված է «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայության խնդրանքով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական պատասխանում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում փետրվարի սկզբին հավակնություններ էր ներկայացրել Երևանի նկատմամբ, անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: