Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 27-ի նիստում միաձայն որոշում է կայացրել «Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջարկած՝ «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հայտարարության նախագիծը նիստերի օրակարգում ներառելու վերաբերյալ:
Հիմնավորելով հայտարարության նախագիծն Ազգային ժողովի օրակարգոմ ներառելու անհրաժեշտությունը՝ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մատնանշել է 2008 թվականին մարտի 1-ի իրադարձություններում հստակություն մտցնելու ահրաժեշտությունը, քանի որ մինչ օրս Երևան քաղաքի կենտրոնում Հայաստանի առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված չեն:
Նշենք, որ փաստաթուղթը բաղկացած է հինգ կետից, որոնց համաձայն՝ «Ելք»-ն առաջարկում է. 1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ՝ 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը: 2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։ 3. Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։ 4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։ 5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։