Արմինֆո. Ամերիկայի հույն առաջնորդների խորհուրդը (HALC) և Հայ դատի հանձնախումբը (ANKA) սկսել են ազգային քարոզարշավ, որն ԱՄՆ սենատորներին կոչ է անում
շրջափակել ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքն Էրդողանի հակաամերիկյան վարչակազմին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ANCA մամուլի ծառայությունից, ANCA-HALC քարոզարշավը նպատակ ունի սենատորներին նախազգուշացնել Էրդողանին ժամանակակից զենքի տրամադրման վտանգի մասին, որն Անկարան հետագայում կարող է կիրառել դաշնակիցների դեմ` ներառյալ Հունաստանը, Կիպրոսը, Իսրայելը և Հայաստանը, հնարավոր է` անգամ ԱՄՆ ուժերը: Ընդ որում, ANCA-HALC մտահոգություն են հայտնում այն առնչությամբ, որ Թուրքիայից F-35-ի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկատվություն կարող է
հայտնվել հակառակորդների մոտ, ներառյալ` Իրանն ու Ռուսաստանը:
ANCA-ում նաև հիշեցնում են, որ անցյալ տարի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ Դևիդ Չիցիլինն առաջարկել էր արգելել կործանիչների մատակարարումը Թուրքիա` որպես 2018 թվականի ազգային անվտանգւոթյան մասին օրենքի ուղղում:
Ամերիկյան Lockheed Martin ֆիրմայի կողմից F-35 ստեղծման ծրագիրն ԱՄՆ վրա նստել է շուրջ մեկուկես տրիլիոն դոլար: Անկարան F-35-ի առաջին պատվերները կատարել է դեռ 2014 թվականին: Թուրքիան` Միացյալ Թագավորության, Կանադայի, Դանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Իտալիայի և Ավստրալիայի հետ միասին այդ ինքնաթիռների զարգացման համատեղ ծրագրի մի մասն է, ինչն օգնում է փոխհատուցել ԱՄՆ ծախսերը` ապահովելով ԱՄՆ բարձրտեխնոլոգիական աերոտիեզերային տեխնոլոգիաների հասանելիությունը մյուսների համար: Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով, Թուրքիան ձգտում է իր F-16-ների պարկը փոխարինել նոր F-35-երով: