Արմինֆո. Հայաստանում ոստիկաններն իրավունք կստանան տեսա- լուսանկարահանում իրականացնել հասարակական վայրերում:«Ոստիկանության մասին՚ օրենքում երկրորդ և վերջին ընթերցմամբ ուղղումներ են կատարվել փետրվարի 7-ին Ազգային ժողովի նիստում:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի ասելով, մինչև երկրորդ ընթերցում պատգամավորներից ոչ մի առաջարկություն չի ստացվել: Փոխոստիկանապետի ասելով, ներկայացված փաստաթուղթը բխում է կառավարության 2017 թվի միջոցառումների ծրագրից և նպատակաուղղված է հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, հասարակական կարգի պահպանմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը:
Օրինագծում արձանագրված են նման տեխնիկայի օգտագործման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, ապահովված է տեղեկատվության հավաքման և օգտագործման օրինականությունը, սահմանված են քաղաքացիների անձնական կյանքին միջամտության սահմանները: Օրինագծում արձանագրված են հասարակական վայրերում և հասարակական փոխադրամիջոցներում տեսանկարահանման և ձայնագրման տեխնիկայի տեղադրման առանձնահատկությունները:
Ընդ որում, տեխնիկան կլինի բացառապես ծառայողական: Տեխնիկական միջոցների օգնությամբ իրավախախտում բացահայտելու դեպքում ոստիկանության աշխատակիցն իրավունք չի ունենա դադարեցնելու տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը: Սկզբնական շրջանում վահանակների տեղադրման միջոցով նախազգուշացվելու է նկարահանման մասին: Փաստաթղթում նաև սահմանված է ոստիկանության այն աշխատակիցների ցուցակը, որոնք տվյալների շտեմարանից օգտվելու իրավունք ունեն: