Արմինֆո. Խաղային հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կխստացվի: «Շահումով խաղերի, ինտերնետային խաղերի, խաղատների մասին՚ օրենքում երկրորդ և վերջնական ընթերցմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ԱԺ փետրվարի 7-ի նիստում: Երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություն է կատարվել նաև «Վիճակախաղերի մասին՚ օրենքում:
Փաստաթղթի համահեղինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ասելով, ներկայացված փաստաթուղթը կոչված է լուծելու մի շարք խնդիրներ: Գործող օրենքի համաձայն, վիճակախաղերին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինք, իսկ շահումով խաղերին, ինտերնետային խաղերին մասնակցելու և խաղատուն այցելելու իրավունք` 21 տարին լրացած անձինք: Այդ դրույթը խախտողների համար գործում է 100
հազար դրամ տուգանքի պատժամիջոց: 2014-2017թթ. Ֆինանսների նախարարությունը կիրառել է ընդամենը մեկ պատժամիջոց, սակայն ակնհայտ է, որ խաղատներում և տոտալիզատորներում խաղադրույք կատարողների թիվն անհամեմատ մեծ է: Ֆարմանյանի համոզմամբ, սահմանված պատժամիջոցներն իրենց նպատակին չեն ծառայում,
ուստի առաջարկվում է խստացնել շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ պատասխանատվության միջոցները: Չնայած երկրի ՀՆԱ վրա այդ բիզնեսի ազդեցության աճին` անհրաժեշտ է սահմանափակել անչափահասների մասնակցությունն այդ գործընթացներին: Այդ նպատակով գործող օրենսդրությունը խախտելու դեպքում շահումով խաղերի կազմակերպիչն առաջին անգամ կտուգանվի 2 մլն դրամի չափ, խախտումը կրկնվելու
դեպքում հետագա մեկ տարվա ընթացքում տուգանքի չափը կավելանա մինչև 5 մլն դրամ, երրորդ դեպքում` մինչև 10 մլն դրամ, չորրորդ դեպքում` լիցենզիայից զրկում և խաղային հաստատության գործունեության դադարեցում:
Մյուս փոփոխությունն առնչվում է վիճակահանությամբ խաղերի կազմակերպմանը, որոնց, գործող օրենսդրության համաձայն, մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինք: Առաջարկվում է տարիքային շեմը բարձրացնել մինչև 21 տարեկան: Ֆարմանյանի կարծիքով, պատժամիջոցների խստացումը շահումով խաղերի կազմակերպիչներին կստիպի հետևել օրենքի տառին, քանի որ, հակառակ դեպքում, նրանք ծանր ֆինանսական կորուստներ կկրեն: Նրա ասելով, ամեն տարի 18-21 տարեկան երիտասարդները շուրջ 10 մլրդ դրամի խաղադրույքներ են կատարում, և առկա է այդ խնդիիրը լուծելու անհրաժեշտություն: Օրինագծի հեղինակների հաջորդ քայլը կլինի խաղային հաստատությունների գովազդման սահմանափակումը:
Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանն, իր հերթին, հաղորդել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի նոր օրինագիծ, որի համաձայն, կարգելվի խաղային ավտոմատների տեղադրումը Հայաստանի քաղաքների փողոցներում: