Արմինֆո.«ՀՅԴ կուսակցությունը համաձայն է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ այն առնչությամբ, որ Հայաստանում գների աճը նշանակալի չէ
և չի վատթարացնի սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում:
Այս առումով կուսակցությունը կտրականապես համաձայն չէ «Ելք» ընդդիմադիր դաշինքի փաստարկներին նոր Հարկային օրենսգրքի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ, ինչը կհանգեցնի հանրապետությունում գների նվազման:
Ինչպես հունվարի 22-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ
խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, եթե Հարկային օրենսգիրքը վերանայվի՝
տոկոսադրույքների նվազեցման օգտին, կկրճատվեն բյուջետային մուտքերը, և հանրապետությունը չի կարողանա մարել պարտքերը, վճարել կենսաթոշակներն ու աշխատավարձերը:
Մինչդեռ «Ելք» ընդդիմադիր դաշինքից պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ գների բարձրացումն այսօր Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն է, որի դեմ անհրաժեշտ է պայքարել: Այս առումով նա ընդգծել է, որ «Ելք» դաշինքը կշարունակի թանկացումների դեմ բողոքի ակցիաները, և հերթական ակցիան տեղի կունենա փետրվարի 5-ին՝ նշելով, որ առաջին հանրահավաքից հետո հանրապետությունում արձանագրվել է թանկացման ևս մեկ ալիք:
Անդրադառնալով Վարդանյանի հայտարարությանը, որ պետությունն ի վիճակի չի լինի մարել արտաքին պարտքը, եթե վերանայի Հարկային օրենսգիրքը և նվազեցնի հարկերը՝ Գորգիսյանը նշել է որ արտաքին պարտքի մասին պետք է մտածի ոչ թե ՀՀ բնակչությունը, այլ՝ ՀՅԴ ներկայացուցիչները և ՀՀԿ-ից նրանց կոալիցիոն ընկերները:
Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարել է, որ ինֆլյացիան երկրում վերահսկելի է, և ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում գների արհեստական բարձրացում չի լինի:
Բաղդասարյանը նշել է նաև, որ հարկային օրենսդրության վերանայման և տոկոսադրույքների նվազեցման դեպքում երկիրը չի կարողանա փակել պարտքերը, վճարել աշխատավարձերը և կենսաթոշակները: «Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի իրավիճակն առավելագույնս ընդունելի դարձնենք երկրի քաղաքացիների համար: Եթե վաղը լսումների ժամանակ մենք հայտնաբերենք գների աճի համար մեղավորների, այդ մարդը կամ անձանց խումբն անպայման կպատժվի»,- ընդգծել է պատգամավորը:
Վարդանյանը և Բաղդասարյանը նաև փաստել են, որ Հայաստանում արձանագրվել է գնաճի նվազագույն ցուցանիշ՝ տարածաշրջանի երկրների համեմատ: Որպես հիմնավորում, պատգամավորները բերել են վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ Հայաստանում գներն աճել են ընդամենը 2,6%-ով, մինչդեռ հարևան երկրներում գնաճն արձանագրվել է 6,8% և ավելի մակարդակի վրա: