Արմինֆո. ԵՄ հետ Հայաստանի և Ճապոնիայի համագործակցությունը կարող է նոր ուղղություններ բացել հայ-ճապոնական փոխգործակցության համար: Դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:
Դեսպանը Հայաստանին շնորհավորել է ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, այդ համատեքստում տեղեկացնելով, որ նախորդ շաբաթ Ճապոնիան ԵՄ հետ տնտեսական համագործակցության շուրջ փաստաթուղթ է ստորագրել: «Կարծում եմ, որ ԵՄ հետ Հայաստանի և Ճապոնիայի փոխգործակցության շուրջ համաձայնագրերի առկայությունը Երևանին և Տոկիոյին թույլ կտա բացահայտել փոխգործակցության նոր ուղղություններ՚, - ասել է դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանի ԵԱՏՄ անդամությանը` Տագուչին նշել է, որ Ռուսաստանը Ճապոնիայի կարևորագույն գործընկերներից է: «Ճապոնիան ուղիղ ելք ունի դեպի ռուսական շուկա, ուստի փոխգործակցությունում Հայաստանի միջնորդությունն այնքան էլ արդիական չէ՚, - ասել է դեսպանը:
Միևնույն ժամանակ, դեպսանը փաստել է, որ հայ երիտասարդությունը տիրապետում է թե ռուսերենին, թե անգլերենին, ինչը կարևոր է ներդրումների ներգրավման տեսանկյունից: «Հայաստանը, որը ԵԱՏՄ և ԵԽ անդամ է և ունի գիտալիքների տեսանկյունից բավականին կոփված երիտասարդություն, կարող է հրապուրիչ լինել օտարերկրյա ներդրողների և կազմակերպությունների համար, այդ թվում` Ճապոնիայի, քանի որ լեզուների իմացությունը չափազանց կարևոր է արդի աշխարհում՚, - եզրափակել է Տագուչին: