Արմինֆո.Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն է հայտնել ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը և դրա առաջնահերթություններին։ Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Քրիստիդիսը քննարկել են ՍԾՏՀԿ շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղությունները, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը նշել է, որ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում կազմակերպության կանոնադրությանը և սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Կիևում ՍՏՀԽՎ 50-րդ նստաշրջանում սկանդալ էր եղել: Նախքան հոբելյանական նիստի բացումը, երբ Հայաստանի պատվիրակության անդամներն սպասում էին նիստի բացմանը, պարզվել է, որ ՍՏՀԽՎ գլխավոր քարտուղար և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ բոլոր պատվիրակությունների ղեկավարներն առանձնացել և ինչ-որ բան են քննարկում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քննարկման արդյունքում փոփոխություն է կատարել հռչակագրի տեքստում, որն առնչվում է տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտություններին, ինչը լիովին հակասում է միջազգային իրավունքի նորմերին` ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը: Հայաստանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը` ի նշան բողոքի: