Արմինֆո.2017թ. սեպտեմբերի 11-13-ը ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի քարտուղարության հրավերով ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Ա.Վարդևանյանը և Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Ա.Աղասյանը մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Օրդոս քաղաքում կայացած Կոնվենցիայի անդամ պետությունների խորհրդաժողովի 13-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների կլոր սեղանների քննարկումներ և ինտերակտիվ երկխոսություններ: Նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի անդամ պետությունները քննարկել են մասնավորապես հողերի չեզոք դեգրադացիան, դրա թիրախներն ու գործողությունները, ինչպես նաև հողերի չեզոք դեգրադացիայի հաստատմանն ուղղված մի շարք գործողություններ և միջոցառումներ: Անդրադարձ է կատարվել նաև երաշտի, ավազի և փոշու փոթորիկների կանխարգելմանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմներին:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է ԵՄ նախագահող Էստոնիայի բնապահպանության նախարարի հետ և քննարկել բնապահպանության ոլորտի լիցենզիաների և թույլտվությունների առցանց համակարգի ներդրման գործում Էստոնիայի փորձի կիրառման հնարավորությունները։
Է.Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել նաև տարբեր երկրների պաշտոնատար անձանց հետ, պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկա ծրագրերի և համագործակցության վերաբերյալ, մասնավորապես`
Հանդիպել է Կանադայի կլիմայի փոփոխության դեսպանի (նախարար) հետ և քննարկել բնապահպանության ոլորտում Հայաստանի և Կանադայի հնարավոր համագործակցության հարցերը:
Հանդիպել է Չինաստանի անտառային պետական ադմինիստրացիայի ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստանում դեգրադացված հողերի վերականգնման պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր։
Հանդիպել է Միրովա բանկի ներկայացուցիչներին և քննարկել Հայաստանում հողերի չեզոք դեգրադացիայի ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները: Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի տարածաշրջանային բնապահպանական ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանում ԳԷՀ կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:
Հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի նախագահության հետ և քննարկել բանկի կողմից իրականացվող անտառապատման ծրագրերում Հայաստանի մասնակցության հեռանկարները:
Հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանում GIZ միջոցով իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորթյունները:
Հանդիպման ավարտին նախարարի առաջին տեղակալը ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի տարածաշրջանային համակարգողի հետ ամփոփել է Հայաստանում իրականացվելիք 100 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրի փաստաթղթերը: