Արմինֆո.Էդվարդ Նալբանդյանի կողմից ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների նախաշեմին հակամարտության կարգավորման համար զիջումների համար հող նախապատրաստելը կնշանակեր ներքաղաքական զգալի ռիսկեր: Ըստ որում, ոչ միայն անձամբ իր, այլ՝ Հայաստանի ողջ վերնախավի համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստան-Սփյուռք» համաժողովում խոսելով հայկական կողմի տարածքային զիջումների մասին, ընդգծել է, որ վերադարձվելու են այն տարածքները, որոնց փոխանցումը Արցախի անվտանգության համար սպառնալիք չի կարող ներկայացնել, և չի վտանգվի հակամարտության վերջնական կարգավորումը: Հաջորդ օրը նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել «հողերի հանձնման» մասին լուրերի և ենթադրությունների առնչությամբ՝ համառոտ տեղեկանք տալով բանակցային գործընթացի ընթացքի և նորացված Մադրիդյան սկզբունքների բովանդակության մասին:
«1998 թ. փետրվարին Բաքվի հետ փոխզիջման օգտին հանդես եկող հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատմությունը դրա վառ վկայությունն է: Այդ առնչությամբ վարկածը, ըստ որի՝ Երևանը որոշել է այնպիսի հուսահատ քայլի դիմել, ինչպես Բաքվին միակողմանի զիջումները, այնքան էլ համոզիչ չեն՝ հատկապես 2018 թ. նախաշեմին, երբ վճռվելու է ներկայիս իշխանության համար առանցքային՝ քաղաքական ժառանգականության ապահովման հարցը»,- նշել է նա:
Հիշեցնելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է դառնում՝ Մարկեդոնովը նշել է, որ շախմատի նկատմամբ իր սիրով հայտնի Սերժ Սարգսյանի համար չափազանց կարևոր է մտածել հայկական քաղաքական խաղատախտակի վրա ֆիգուրաների ճիշտ դասավորության մասին: Այս առնչությամբ Ղարաբաղի հարցում ցանկացած զիջում, ըստ նրա, զգալիորեն կթուլացնի Հայաստանի ներկայիս նախագահի հարձակողական հնարավորությունները:
«Հազիվ թե Սարգսյանի նման փորձառու խաղացողը համաձայնի շրջել խաղատախտակը՝ հանուն ավելի քան կասկածելի արդյունքի: Նրա աչքի առաջ ոչ միայն նախագահ Տեր-Պետրոսյանի ճակատագիրն է, այլ նաև ՝ ընդդիմադիր Տեր-Պետրոսյանի, ով փորձեց խաղարկել Բաքվի հետ փոխզիջման խաղաքարտը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ և պարտություն կրեց: «Քառօրյա պատերազմը» արմատականացրեց հայ հասարակությանը՝ հավերժ արդարացող դրության մեջ դնելով նախագահի թիմին»,- ամփոփել է վերլուծաբանը: