Արմինֆո.Թեժ գծին ստացած ահազանգի հիման Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:
Նշենք, որ այսօր դատական նիստի ժամանակ փաստաբանները հաղորդել էին, որ Սեֆիլյանի և Սաֆարյանի նկատմամբ իրավապահները բռնություն են կիրառել: Դատարանում կրկին միջադեպ էր տեղի ունեցել այն առնչությամբ, որ դատավորի ներս մտնելու պահին մեղադրյալները ոտքի չէին կանգնել, ինչի առնչությամբ նրանց նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվել, ոմանց հեռացրել էին դատարանի դահլիճից: